Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

«Ճարպիկը չի կարող բարձրարժեք արվեստ ստեղծել»

«Ճարպիկը չի կարող բարձրարժեք արվեստ ստեղծել»
10.02.2009 | 00:00

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՆՇԱՀ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ՏՈՀՄԻ ԺԱՌԱՆԳԸ»
Արվեստն ունի թշնամի, որի անունն է տգիտություն:
ԲԵՆ ՋՈՆՍՈՆ
Արվեստագետ ԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆԸ, մասնագիտական խնդիրներից զատ, զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ, պատմությանն առնչվող հարցերով: Մեր զրույցը նրա հետ ասվածի վկայություններից մեկն է:
-Տիկին Ժասմեն, գոհացնո՞ւմ է Ձեզ մեր երկրի վարած մշակութային քաղաքականությունը: Ի՞նչ կցանկանայիք առաջարկել:
-Մշակութային քաղաքականության ոչ ազգային մարտավարությունը, որը զուրկ է արժեքներ ստեղծելու հնարավորությունից և հեռանկարից, վաղուց է մտահոգող խնդիր: Մշակութային քաղաքականությունը պետք է բխի նախ և առաջ ազգային գաղափարախոսությունից և ձևավորվի ազգային պետականության գիտակցված արժանապատվությամբ: Այսօր արվեստի բոլոր ճյուղերը լեփ-լեցուն են ճարպիկներով, իսկ հայտնի բան է, որ ճարպիկը չի կարող բարձրարժեք արվեստ ստեղծել: Եվ առկա է սրանից բխած երևույթը. մեր երկրում տուրք է տրված խառնածին, օտարածին ու օտարամոլ էրզաց մշակույթին, և չկա այն համապատասխան կառույցը, որի վճռական խոսքով տարբերվեն երաժշտությամբ հնչող երգը` դմփդմփոցի տակ արտաբերվող հայհոյանքից, երգիչը` երգ ասողից, դերասանը` միմոսից, գեղանկարիչը` կտավի վրա ներկ շաղ տվողից կամ խզբզողից, հայերեն խոսքի ազատությունը` գռեհիկ խոսքի լկտի ազատականությունից, կոչման արժանավորները` կոչումներ ստացող անարժաններից և այլն: Ես առաջարկում եմ մշակույթի նախարարությունում ստեղծել նոր կառույց` գեղարվեստի խորհուրդ, որն ունենա արվեստի բոլոր ուղղություններին համապատասխան հանձնախմբեր` համալրված համապատասխան մասնագետներով: Գեղարվեստի խորհրդի միջոցով պետք է պաշտոնական ու օրինական հարթություն տեղափոխել գաղափարական ու պրոֆեսիոնալ մակարդակի ապահովման միջոցները, վաստակաշատ ու շնորհալի ստեղծագործողների իրավունքների պաշտպանությունն ու նրանց արժանի գնահատման ներկայացնելը, որակի հետ կապված հարցերի լուծումները: Սա գրաքննություն չէ։ Սա պետական մոտեցում է պետականության ամրապնդման գործում, սա պետության պարտավորվածությունն է ազգային-մշակութային արժեքների պահպանման գործում։
-Դուք բավական շատ ժամանակ եք անցկացնում Արցախում, ունենում անմիջական շփումներ: Ի՞նչ կարող եք ասել Արցախի թատրոնի վերաբերյալ:
-Արցախն իմ ծննդավայր - հայրենիքն է, և ես պարտավոր եմ լսել նրա զարկերակի յուրաքանչյուր բաբախյունը: ՈՒ, որքան լսում եմ, այնքան համոզվում եմ, որ այսօր Արցախի պետությունը գոնե օրինակելի-ժողովրդավար պետություն է: Իսկ նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի մշակույթը բարձր մակարդակի հասցնելու հոգածությունը մեծ հույս է ներշնչում: Ինչ վերաբերում է թատրոնին, ինչպես Հայաստանի մյուս թատրոնները, Արցախի թատրոնը նույնպես իր վրա է կրում Երևանի մայրաքաղաքային ազդեցությունը, և, ցավոք, շատ անարժեք ու բացասական երևույթներ դառնում են չափանիշ` թատերական արվեստի գնահատման գործում: Մինչդեռ, հատկապես Արցախում, անընդունելի են մշակութային զարգացումների, արվեստի տեսակների չիմացությամբ կաղապարումն ու չգիտակցված թողտվությունները։ Արցախում անհրաժեշտ է ձևավորել ու վարել մշակութային հստակ քաղաքականություն` սուվերեն պետությանը հատուկ ռազմավարությամբ: Իսկ Արցախի հասարակայնությունը շատ արվեստասեր է, հատկապես` թատերասեր: Որակյալ կադրերով ապահովումը թատերական արվեստի զարգացմանը նպաստող առաջին վճռական գործոնն է, և նրանց ընտրությունը պետք է կատարվի մեծ պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ: Պարզապես Արցախի թատրոնին անհրաժեշտ է թատրոն իմացող հոգատար ու նվիրյալ կազմակերպիչ, ուժեղ ձեռք:
-Որպես Հասան-Ջալալյան տոհմի ժառանգ, Ձեր գործունեությունը հիմնականում կապված է Արցախի, հատկապես Վանք գյուղի հետ, և որոշ խնդիրներ լուծում են պահանջում ԼՂՀ նախագահի կողմից: Խնդրեմ, այդ մասին:
-Հասարակական կամ մշակութային գործունեություն ծավալելու ցանկացած ձեռնարկում պահանջում է համագործակցություն պետության ղեկավարության հետ: Այո, կան Արցախի հետ կապված խնդիրներ, որոնց լուծումը կարող է տալ միայն ԼՂՀ նախագահը, և մենք` Հասան-Ջալալյան տոհմի ժառանգներս, սպասում ենք դրան: Պատասխանը ստանալուց հետո միայն կարող ենք անդրադառնալ այդ խնդիրներին, որոնք ունեն ոչ միայն մշակութային, այլև պատմական նշանակության քաղաքական զարգացումներում իրենց արժևորումները։ Արցախի զարկերակի բաբախյունն ինձ մշտապես հուշում է, որ պատմամշակութային արժեքների պահպանման գործում յուրաքանչյուր հապաղումով թշնամուն այդ արժեքները յուրացնելու հնարավորություն է ընձեռվում: Եվ հայրենիքի պատմությունն ու ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունքը թշնամու համար խաղաքարտ դարձնելու, նրա կողմից սեփականելու հնարավորությունների չեզոքացմանն ուղղված աշխատանքներ շատ կան Արցախում։ Պարզապես անհրաժեշտ են հայրենասիրական մղում, դիվանագիտական ունակություններ, խոհեմություն, գաղափարի ու անհատականության նկատմամբ` հանդուրժողականություն, ազգի առաջ` պատասխանատվություն։ Սա՛ պետք է լինի ուղեցույց թե՛ ղեկավարի, թե՛ հասարակ շինականի համար:
-Ի՞նչ կցանկանայիք պատմել մեր ընթերցողին Ձեր հասարակական-մշակութային գործունեության, մասնավորապես Ձեր հիմնադրած «Հայրենիք» կուսակցության մասին:
-ՈՒզում եմ հակիրճ լինել և միայն նշել, որ «Հայրենիք» կուսակցությունը Արցախի ազատագրությանն իր մասնակցությունն ունեցած, չթմբկահարված և չգովազդված կուսակցություն է, որի հիմնադիրն ու նախագահը կին է: Ազգային ժողովի ընտրություններում չհաղթեցի (դրա համար և՛ ափսոսում եմ, և՛ ոչ), ասել է` ներկայացուցիչ չունենք Ազգային ժողովում: Միշտ ձգտել եմ անել այն, ինչը մարդկային, հասարակական, ազգային նշանակության է, հանուն ընդհանուրի է: Այդ առումով հասարակական-քաղաքական և մշակութային գործունեությունն իրար լրացնող են: Եվ յուրաքանչյուր ստեղծագործություն, արվեստի որ ճյուղին էլ պատկանի, իր մեջ կրում է քաղաքական միտք` իր ազդեցությունն ունենալով աճող սերնդի դաստիարակության գործում։ ՈՒրախ եմ, որ արագ է վաճառվում իմ «Աֆորիզմներ»: Չնայած ժամանակը չի հերիքում, բայց տպագրության եմ պատրաստում իմ գրական ստեղծագործությունների ժողովածուն: Ուսումնասիրում եմ պատմություն: Վերջնական ավարտին եմ հասցրել «Առան-Արցախի տերերն ու նրանց ժառանգները» գիրքը, այժմ աշխատում եմ «Առանշահ տան կանայք հայոց պատմության մեջ և նրանց ազգապահպանման գործունեությունը» աշխատության վրա:
-Ձեր ակտիվ խառնվածքը կապվա՞ծ է գենետիկ ծագման հետ:
-Իհարկե, իմ շնորհքը չէ, բայց պատիվ ունեմ լինելու Առանշահ Հասան-Ջալալյան տոհմի ժառանգը և 2-րդ աշխարհամարտում Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ, Ֆրանսիայի պարտիզան Հովհաննես Ասրյանի դուստրը: Սա չափազանց պարտավորեցնող է, և ես պատասխանատվություն եմ կրում իմ տոհմի, իմ ժողովրդի առաջ: Իմ նախնիների հազարավոր տարիներ վարած քաղաքականությունը պահել, պահպանել ու 21-րդ դարի սերնդին է հասցրել Արցախը, որպես հայոց երկիր, հայոց հող։ Իմ նախնիների ստեղծած ու պահպանած պատմամշակութային արժեքներով է Արցախը ներկայացել և ներկայանում աշխարհին, որով և հպարտանում է համայն հայությունը: Այո, նրանք եղել են պատմական և ազգային արժեքներ կրող անհատականություններ` թագավորներ, իշխաններ, կաթողիկոսներ, որոնց հետ իրենց ազգանվեր գործունեությունն են ծավալել տոհմի կանայք, դուստրերը, և սերնդեսերունդ շարունակել են նախնիների գործը: Այսօր այդ հնարավորություններն առավելագույնս սահմանափակ են, քանի որ ազնվականությունը ոչ միայն չի գնահատվում, այլև նրա հանդեպ տարվում է հալածանքների, արժեզրկման անաղմուկ քաղաքականություն, որի իրականացնողների գիտակցությանը հասու չեն բարձր գաղափարները և ծիծաղելի են։ Ահա այստեղ են թաղված Արցախի կիսատ-պռատ ազատագրման և մինչև հրադադար արդեն ազատագրված տարածքները հանձնելու, Արցախի անկախությունը միջազգայնորեն չճանաչելու, ժողովրդի սոցիալական վիճակի անապահովության, պատմությունն աղավաղելու, ազգային մշակույթի անկման պատճառների արմատները։ Մինչդեռ ժամանակն առաջ է գնում, Արցախ երկրի և ընդհանրապես Հայաստանի տարածքների նկատմամբ մեր հարևանների հավակնոտ ծրագրերի իրականացման գործընթացը նմանապես։ Իսկ ոչ մի ղեկավար, ոչ մի մահկանացու հավերժական չէ, և իրական ու արդյունավետ քայլերը պետք է անել հենց այսօր։
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4432

Մեկնաբանություններ